Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Պատմության շարժիչ ուժերը շահերն ու կորուստներն են

Պատմության շարժիչ ուժերը շահերն ու կորուստներն են
26.12.2024 | 10:05

Անցյալ դարի 70-ականներին տեղի ունեցավ աշխարհի մոտակա ճակատագիրը կանխորոշող մի շատ կարևոր իրադարձություն, այն է՝ ԱՄՆ-ի պետքարտուղար Քիսինջերի և նախագահ Նիքսոնի նախաձեռնությամբ Չինաստանի հետ ԱՄՆ-ի մերձեցումը՝ նպատակ ունենալով ԽՍՀՄ-ի թուլացումը։

Մի վճռորոշ հանգամանք, որը, այլ գործոնների հետ միասին, հանգեցրեց Խորհրդային Միության փլուզմանը։

Այդ ժամանակ Չինաստանը դեռ շատ թույլ էր, բայց ուներ շատ մեծ պոտենցիալ, որը հմտորեն օգտագործվեց ԱՄՆ-ի կողմից իր հիմնական մրցակից-թշնամուն տապալելու համար։

Դա մի պրոցես էր, որտեղ որոշիչը դարձավ ԱՄՆ-ի կողմից Չինաստանին տրամադրված շահը, և այստեղ շատ հատկանշական է այն հանգամանքը, որ հարցի գաղափարական կողմը որևէ նշանակություն չունեցավ։

Մի բան, որը մեկ անգամ ևս եկավ ապացուցելու, որ պատմության շարժիչ ուժերը շահերն ու կորուստներն են, իսկ գաղափարներն ու գաղափարախոսությունները գլոբալ գոյապայքարում առավելագույնս կարող են ծառայել որպես զինատեսակ, ոչ ավելին։

ԽՍՀՄ-ի փլուզումից և դրա հետ կապված բոլոր տեսակի մառախուղների ու ամպերի ցրվելուց հետո, որը ուղեկցվեց նաև Չինաստանի տնտեսական աճով ու ԱՄՆ-ի կողմից ուժային միաբևեռությանը անցնելով՝ աշխարհում ստեղծվեց բոլորովին այլ ուժային իրավիճակ ԱՄՆ-Չինաստան-Ռուսաստան եռյակի ներսում։

Սիստեմային տեսանկյունից դրա միակ և իր բնույթով հիմնարար պատճառը ուժային միաբևեռության անկայուն և անհավասարակշիռ վիճակն է, որը ծնում է սիստեմին դեպի հավասարակշռությունը տանող տենդենցներ, որոնց արտահայտությունն էլ եղավ Ռուսաստանի ու Չինաստանի ուժային մերձեցումը։

Բացի դրանից, գիտությանը հայտնի է Լե Շատելյե-Բրաունի սկզբունքը, որն ասում է, որ որևէ վիճակում գտնվող համակարգ, ինչ-որ չափի արտաքին գրգիռ ստանալով ու իր վիճակից դուրս գալուց հետո, ձգտում է վերադառնալ իր նախկին վիճակին։

Աշխարհաքաղաքական ներկա վիճակում այս սկզբունքն ունի երկակի կիրառում։

Նախ, մինչև ԽՍՀՄ-ի կոլապսը աշխարհում եղած վիճակի նկատմամբ ներկա միաբևեռությունը կարող է դիտվել որպես հզոր գրգիռի արդյունք, և սիստեմը, ըստ Լե Շատելյե-Բրաունի սկզբունքի, տենդենց կունենա վերադառնալու իր նախկին հարաբերական հավասարակշռության վիճակի նման որևէ նոր վիճակի, որի արտահայտությունն էլ Ռուսաստանի ու Չինաստանի մերձեցումն է։

Դրանից բացի, աշխարհի միաբևեռ վիճակն էլ, իր հերթին, կարող է դիտարկվել որպես կյանքի համեմատաբար կարճ տևողություն ունեցող, բայց էլի հարաբերական հավասարակշռություն ունեցող վիճակ և, ըստ նույն Լե Շատելյե-Բրաունի սկզբունքի, աշխարհը, որի համար միաբևեռության վիճակում Ռուսաստանի ու Չինաստանի ուժային մերձեցումը այդ վիճակից սիստեմին հանելու գրգիռ է, պետք է ձգտի վերադառնալ իր նախկին միաբևեռ վիճակին։

Այս վերջին տենդենցի արտահայտությունն էլ Արևմուտքի և, առաջին հերթին, ԱՄՆ-ի ձգտումն է պահպանել աշխարհի միաբևեռ վիճակը։

Եվ Թրամփի իշխանության գալու հետ միասին, միաբևեռություն պահպանելու նշված տենդենցը սկզբունքորեն կունենա երկու հնարավոր լուծում՝ Ռուսաստանի գլոբալ շահի վրա հիմնված մերձեցում նրա հետ՝ ուղղված Չինաստանի դեմ, կամ էլ, նույնը Չինաստանի հետ՝ ուղղված Ռուսաստանի դեմ։

Այս լուծումներից ավելի հավանականը կլինի ԱՄՆ-ի և նաև Արևմուտքի ձգտումը դեպի Ռուսաստանի հետ մերձեցումը՝ ուղղված Չինաստանի դեմ, մանավանդ, որ դա ձեռնտու կլինի նաև չորրորդ գլոբալ խաղացողին, այն է՝ Հնդկաստանին, ինչպես նաև Եվրոպային՝ իր նախկին վիճակին վերադառնալու հույսերով (դարձյալ՝ ըստ Լե Շատելյե-Բրաունի սկզբունքի)։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 2680

Մեկնաբանություններ